Հասարակություն Կարևոր

Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ

Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ

Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ): Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 


Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

 

Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

 

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝


• ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),

• ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,

• ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,

• փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,

• բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

 

Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝


• ապրանքի անվանումը,

• քանակը և արժեքը,

• ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,

• հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,

• փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,

• ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250