Ավանեսյանը՝ ընդդիմությանը․ մի՛ շահարկեք հոգեկան առողջության թեման
Հոգեկան առողջության ոլորտը, բուժօգնություն տրամադրող կենտրոնները և այնտեղ բուժում ստացող քաղաքացիները երբևէ չպետք է դառնան քաղաքական շահարկումների, էժանագին դիվիդենտներ քաղելու կամ քաղաքական հռետորաբանության թեմա։
Այս մասին հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նախընտրական քարոզչությամբ զբաղվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներին հորդորելով զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց։
«Առողջապահական համակարգը և, մասնավորապես, հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված են ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը, և անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից այս զգայուն թեմայի շահարկումը սեփական քաղաքական օրակարգերն առաջ տանելու համար:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց։
Խարանավորում եք ոլորտը: Անթույլատրելի է»,-հայտարարել է նախարարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավանաբար, նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանի գրառումը, որով վերջինս հայտարարել էր, թե «դատի են տալու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ներկայացուցիչներին, որոնք ապատեղեկատվություն են տարածում դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի մասին»։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին The Insider հեղինակավոր պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության մասին։ Պարբերականը, հղում անելով արտահոսած փաստաթղթերի, նշել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը 1999 թվականին դիմել է ռուսական համապատասխան մարմնին արտերկրյա ճամփորդությունների անձնագիր ստանալու համար, իսկ նրա անձնագրային գործում որպես աշխատավայր նշված է եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, այդ հրապարակմանը հղում անելով, հայտարարել էր՝ «եթե Սամվել Կարապետյանը օտարերկրյա գործակալ է, ապա նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է»։
Մայիսի 19-ին սոցիալական ցանցերում հրապարակվել էր Ռուսաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մի փաստաթուղթ, որում երևում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն առնվազն մինչև 2020 թվականը եղել է ՌԴ քաղաքացի։ Իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, այդ փաստաթղթին հղում անելով, հայտարարել են, որ Նարեկ Կարապետյանն ունեցել է կամ ունի ՌԴ քաղաքացիություն, և որ այդ տեղեկատվությունը պետք է ստուգվի, քանի որ Կարապետյանը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը, մինչդեռ պատգամավորի թեկնածու չի կարող լինել անձը, որն այլ երկրի քաղաքացիություն ունի։
Մայիսի 20-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «իրենց փաստաբանական թիմը դատական հայցեր է ներկայացնելու բոլոր ՔՊ-ականների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածել Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի մասին»։ Նա հայտարարել է, թե բոլոր այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել դատարանի վճիռների արդյունքում, ուղղվելու են Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար։ Նա նաև շեշտել է՝ «ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում»: