Էրդողանը թույլ չի տվել Մակրոնին հատել հայ-թուրքական ցամաքային սահմանը. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թույլ չի տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Հայաստանից ցամաքային ճանապարհով մուտք գործել իր երկրի տարածք։
Նա արգելել է Մակրոնին հատել հայ-թուրքական ցամաքային սահմանը Բաքվի հետ բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով ադրբեջանական AZfront տելեգրամյան ալիքին։
Մակրոնը, որը մայիսի 3-ից 5-ը պաշտոնական այցով Երևանում էր, մտադիր էր «քաղաքականապես խորհրդանշական» քայլ կատարել և փակ ցամաքային սահմանով մեկնել Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպելու նպատակով։ Տեղեկացված աղբյուրների փոխանցմամբ՝ այցը նախապես համաձայնեցված է եղել թուրքական կողմի որոշ ներկայացուցիչների հետ, սակայն երբ հարցը քննարկվել է Թուրքիայի նախագահի մակարդակով, վերջինս, խորհրդակցելով ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ, մերժել է Մակրոնին։
Պարբերականը նշում է, որ Մակրոնը հույս ուներ արտաքին քաղաքական ձախողումների ֆոնին այս ուղևորությամբ ցուցադրել սեփական դիվանագիտական կշիռը։ Ավելի քան 30 տարի փակ թուրք-հայկական սահմանի հատումը կարող էր դառնալ երրորդ կողմի միջնորդությամբ երկկողմ հաղորդակցությունների բացման բացառիկ օրինակ։ Ըստ աղբյուրի՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում դիրքերի կորուստը, Իսրայելի հետ վատթարացած հարաբերությունները և ուկրաինական ուղղությամբ արդյունքների բացակայությունը ընդգծում են Ֆրանսիայի նախագահի աշխարհաքաղաքական հավակնությունների ու Փարիզի իրական ազդեցության միջև առկա տարբերությունը։
Այս իրադարձությունների ֆոնին ուշադրության են արժանացել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հայտարարությունները։ Նա նշել է, որ Երևանում իրեն զգում է ինչպես տանը, իսկ իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին առաջարկներ անելիս առաջնորդվել է հայկական կողմի շահերով։ Ադրբեջանական լրատվամիջոցների գնահատմամբ՝ նման հռետորաբանությունը հակասում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը և կարող է դիտարկվել որպես նահանջ ազգային շահերից։