Ռուսաստանը շարունակում է խաթարել այդ երկրի եվրոպական ապագան. Կալլասի ամփոփիչ հայտարարությունը
Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալlասը Facebook-ի իր էջում ներկայացրել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքները։
Նա նշել է, որ Հայաստանը գտնվում է նախընտրական բարդ իրավիճակում, որն ուղեկցվում է հիբրիդային սպառնալիքներով, այդ թվում՝ օտարերկրյա ազդեցության գործողություններով ու ապատեղեկատվական արշավներով։ Ըստ Կալlասի՝ Հայաստանի հարցով հիմնական խումբը հանդիպել է երկրին ուղղված աջակցությունը համակարգելու նպատակով։
Նա ընդգծել է, որ Եվրոպան աշխարհագրությունից զատ նաև ընդհանուր արժեքներ ու սկզբունքներ է։ Երևանյան հանդիպմանը մասնակցել են 48 առաջնորդներ ամբողջ մայրցամաքից, ինչպես նաև Կանադան՝ որպես հյուր։ Քննարկվել են աշխարհաքաղաքական վերափոխումների պայմաններում համագործակցության սերտացման, ժողովրդավարական դիմակայունության, տնտեսական ու էներգետիկ անվտանգության հարցերը։
Գագաթնաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինային։ Նախագահ Զելենսկու և գործընկերների հետ քննարկվել է ռուսական ագրեսիայի դեմ պայքարում լրացուցիչ աջակցության հարցը։ Կաlլասը շեշտել է, որ 90 միլիարդ եվրոյի վարկը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանական ու բյուջետային կարիքների համար, և օգնությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը չի գիտակցել իր պատերազմի անպտղաբերությունը։
Հայաստանի մասով դիվանագետը հավելել է, որ վերջին տարում ԵՄ-Հայաստան գործընկերությունը զարգացել է աննախադեպ տեմպերով։ Ներդրումներ են արվում երկրի դիմակայունության մեջ և աջակցություն է ցուցաբերվում առաջիկա ընտրությունների արդարությանը։
Անդրադառնալով Մոլդովային՝ Կալlասը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է խաթարել այդ երկրի եվրոպական ապագան՝ ապակայունացման արշավների միջոցով։ Նա փաստել է, որ եվրոպական ինտեգրումն ու անվտանգությունը փոխկապակցված են։
«Թեև Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումն ավարտվեց, մենք շարունակում ենք աշխատանքը Երևանում՝ պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովով»,- ամփոփել է Կայա Կալասը։