Ի՞նչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը դժվարին պայմաններում. «Կոմերսանտ»
Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկատարի իր առաջին այցը Ռուսաստան 2026 թվականին: Ռուս-հայաստանյան երկխոսությունը տեղի կունենա դժվարին պայմաններում՝ հաշվի առնելով Երևանի դժկամությունը՝ ընդունելու Մոսկվայի մասնակցությունը ԱՄՆ-Հայաստան «Թրամփի երթուղի» նախագծին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա հակամարտությունը, որը հանգեցրել է հոգևորականների հետապնդման: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը:
Ըստ պարբերականի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցը:
«Սա ստիպում է Նիկոլ Փաշինյանին ակտիվացնել կապերը Մոսկվայի հետ՝ հակառուսական քաղաքականության մեղադրանքները հերքելու համար: Ավելի վաղ՝ փետրվարին, Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի գործի Մոսկվայի դեմ։ «Դա բացառված է։ Ոչ ոք չի կարող, նույնիսկ եթե փորձի, չնայած նման փորձեր չեն եղել, մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների սխեմայի մեջ», - հայտարարել էր նա»,- գրել է «Коммерсантъ»-ը:
Նշվում է, որ Հայաստանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը Եվրամիությանը միանալու ծրագրերի հետ համատեղելու գաղափարից և շարունակում է ցուցադրական մերձեցումը Ֆրանսիայի և Ռուսաստանին ոչ բարեկամական տրամադրված այլ եվրոպական պետությունների հետ։
«Ավելին, հենց Հայաստանում, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, տեղի են ունենում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերականգնման կողմնակից ընդդիմության ճնշումներ և հետապնդումներ»,- գրել է լրատվականը՝ անդրադառնալով նաև Երևանի Սուրբ Աննայի եկեղեցու միջադեպին, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալմանը :