Հասարակություն

ԱԳՆ-ն՝ չեղարկված չվերթների հետևանքով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիների մասին

Ofelya 1 րոպե 107 դիտում
ԱԳՆ-ն՝ չեղարկված չվերթների հետևանքով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիների մասին

Չեղարկված չվերթների հետևանքով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին նախատեսվող փոխհատուցման տրամադրման կարգը դեռևս մշակման փուլում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։


Հաղորդագրության մեջ նշվում է՝ մանրամասները կհրապարակվեն կառավարության կողմից հաստատվելուց հետո։ 


«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով, և որոնց համար ավիաընկերությունը նոր տոմս չի ապահովել, իսկ նրանք ինքնուրույն են ձեռք բերել ՀՀ վերադարձի նոր տոմս, կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։


Նախաձեռնության հայտարարման օրվանից՝ մարտի 7-ից սկսած, այդ մասին անդրադարձ է կատարվել տարբեր առիթներով, այդ թվում՝ ԱԺ-ում լրագրողների հետ նախարար Միրզոյանի ճեպազրույցում, Մասատում դեսպանահավաքի ընթացքում նախարարի հրապարակային ելույթում, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների հարցումներին պատասխանելիս։


Հաշվի առնելով թեմայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը՝ հավելվում է, որ փոխհատուցման տրամադրման ընթացակարգը, ներառյալ տեխնիկական մանրամասները, գտնվում է մշակման փուլում և կառավարության կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո ամբողջական տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հարթակներում։


Շահառու քաղաքացիներին կներկայացվեն նաև դիմումի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլ պայմաններ»,- նշվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250