Քաղաքականություն

Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Mariam Z. 1 րոպե 177 դիտում
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, չեն համապատասխանում դատարանի, քննիչի, ինչպես նաև պրոբացիոն ծառայության դիրքորոշումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության նիստից հետո Փաշինյանի հնչեցրած մտքերին։


Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ Մինչդեռ փաստաբան Վարդևանյանը գրել էր դատարանին` խնդրելով ուղիղ արձանագրել Սամվել Կարապետյանի` տեսաուղերձների հրապարակման կամ ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից պարզ է դարձել, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, թե Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա, ստում են:


«Մինչ օրս պրոբացիայի ծառայությունը գրավոր պատասխանով ինձ չի տրամադրել այն ձևակերպումները, որոնք հնչեցրել է գործադիր իշխանության ղեկավարը։ Ես իսկապես կզարմանամ, որ պրոբացիայի ծառայությունը ընդհանրապես կարողանա նման դիրքորոշում ներկայացնել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա է դեռևս 2025 թ. հունիսի 18–ի որոշումը, որը մինչ օրս պահպանվել է։ Ըստ այդ որոշման` կա հաղորդակցման սահմանափակում՝ բացառությամբ մերձավոր ազգականների և իր պաշտպանների»,– ընդգծել է փաստաբանը` ավելացնելով, որ Կարապետյանը մինչ օրս նույնիսկ իր եղբորորդուն չի կարողացել հանդիպել։


Նա ընդգծել է, որ այդ հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։


Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Պատասխան դեռ չեն ստացել։


«Քավ լիցի, եթե շուրջ արդեն 10 ամիս տևող այս ապօրինի քաղաքական հետապնդումը չեն ցանկանում դադարեցնել, չեն ցանկանում ապահովել քաղաքական գործընթացների հավասար մրցակցություն, գոնե թող խափանման միջոցը վերացնեն, որի դեպքում արդեն բոլոր սահմանափակումները վերացված կլինեն։ Ի դեպ, դատական ակտում նաև նշված է` եթե, օրինակ, տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ համաձայնեցումը և թույլատրելիությունը չապահովենք քննիչի հետ, դա հիմք կհանդիսանա տնային կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու և խստացնող այլ խափանման միջոց ընտրելու համար»,– հայտնել է փաստաբանը` ավելացնելով, որ վստահ է` այս ամենի իրական նպատակն էլ հենց դա է եղել։


Այսինքն` եթե փաստաբանական թիմը հավատար, օրինակ, Փաշինյանի խոսքերին, և Կարապետյանը տեսաուղերձ հրապարակեր, դրան կհետևեր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին ընտրելու միջնորդությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250