Քաղաքականություն Կարևոր

Ադրբեջանը պետք է զգոն լինի․ չմտնի վտանգավոր խաղի մեջ. Իրանի դեսպան

Ofelya 1 րոպե 153 դիտում
Ադրբեջանը պետք է զգոն լինի․ չմտնի վտանգավոր խաղի մեջ. Իրանի դեսպան

News.am հարցազրույցը՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ՝ Իրանի դեմ ընթացող պատերազմի և հնարավոր զարգացումների վերաբերյալ։


Պարո՛ն դեսպան, Ձեր գնահատմամբ՝ այս պատերազմը երկարատև դառնալու միտու՞մ ունի, թե՞, ամեն դեպքում, իրատեսական է սպասել դրա ավարտին առաջիկա շաբաթների ընթացքում:

Իրանի համար պատերազմի ժամկետն ու տևողությունը խնդիր չեն հանդիսանում։ Կարևորն իրավիճակային այնպիսի դասավորության ձևավորումն է, որի պայմաններում ագրեսորները հասկանան, թե որքան ծախսատար և ծանր հետևանքներ ենթադրող կարող է լինել Իրանի դեմ պատերազմը, և արդյունքում այլևս երբեք չմտածեն ագրեսիա կիրառելու ուղղությամբ։ Պատերազմի ավարտի ժամկետը կախված է ագրեսորներից․ նրանք պետք է դադարեցնեն իրենց ագրեսիան և երաշխավորեն, որ այլևս չեն դիմի նման քայլերի։ Մենք կշարունակենք ինքնապաշտպանությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և ժամանակի վերաբերյալ մտահոգություն չունենք։ Հետևաբար, պատերազմը կարող է ավարտվել շատ արագ, կամ տևել շաբաթներ, նույնիսկ՝ ամիսներ։ Իրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։


Ո՞ր դեպքում Իրանը կհամաձայնվի հրադադարի:

12-օրյա պատերազմի փորձի հիման վրա Իրանը չի համաձայնի վաղաժամ և ոչ լիարժեք հրադադարի․ հրադադարը, որը թշնամին փորձում է ձեռք բերել ճնշման տակ գտնվելիս, և որի մեջ չկա վերստին ագրեսիայի չդիմելու որևէ պարտավորություն, Իրանի համար ընդունելի չէ։  Հրադադարի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է լինի գրավոր փաստաթուղթ՝ հիմնված ագրեսիա չկիրառելու երաշխիքների վրա, և պետք է ներառի նաև Իրանին հասցված վնասների հարցի հստակ կարգավորում։


Թուրքիան օրերս մեղադրեց Իրանին իր ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մեջ. դա նմանատիպ երրորդ միջադեպն էր արդեն: Թեհրանը հավաստիացրեց Անկարային, որ այդ հրթիռներն Իրանի տարածքից չեն արձակվել: Ի՞նչ է կատարվում այդ դեպքում: Կա՞ն ենթադրություններ, թե որտեղից կարող են արձակված լինել դրանք և ի՞նչ նպատակով:

Այս պատերազմում մենք ականատես եղանք բազմաթիվ մոլորեցնող սադրիչ գործողությունների, որոնք նպատակ ունեին խնդիրներ ստեղծել Իրանի և նրա հարևանների միջև։ Նման դեպքեր տեղի ունեցան Նախիջևանում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում։ Թուրքիա ընկած հրթիռները նույնպես պետք է դիտարկել այս համատեքստում։ Այդ միջադեպերի մի մասի հետևում կանգնած էր Իսրայելը, իսկ Պարսից ծոցի տարածաշրջանում՝ այլ դերակատարներ։ Մենք նախկինում բազմիցս հայտարարել ենք, որ Իրանի հարևան երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները, որոնք օգտագործվում են Իրանի դեմ հարձակողական գործողությունների և այդ գործողությունների աջակցման համար, հանդիսանում են մեր հակահարվածների օրինական թիրախներ։ Դրանց նպատակն է կանխել Իրանի դեմ ագրեսիան և կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունը։ Մենք այդ ռազմաբազաների դեմ հարվածները չենք դիտարկում որպես հարձակում մեր հարևանների դեմ։ Անկասկած, այս երկրները պետք է պատասխանատվություն կրեն Իրանի ժողովրդի առաջ, քանի որ նրանց տարածքից իրականացվել են հարձակումներ Իրանի վրա, և հարյուրավոր Իրանի քաղաքացիներ զոհվել են։ Նրանք գտնվում են պարտավորություն ունեցող կողմի դիրքում, ոչ թե պահանջատիրոջ։


Անօդաչուների կողմից Նախիջևանի տարածքի խոցումը լարվածություն առաջացրեց Իրան-Ադրբեջան հարաբերություններում, Ալիևն անգամ սպառնաց պատասխան քայլերի դիմել, թեև Թեհրանն այդ դեպքում էլ վստահեցրեց, որ Իրանից չեն արձակվել անօդաչուները: Անսպասելի՞ էր նման արձագանքը Թեհրանի համար, ինչո՞վ էր դա պայմանավորված։

Ադրբեջանի Հանրապետության առաջին արձագանքը զգացմունքային, հապճեպ և անտեղի էր։ Տրամաբանությունը ենթադրում է, որ ի սկզբանե պետք է անցկացնել հետաքննություն, և միայն արդյունքի ի հայտ գալուց հետո որոշակի դիրքորոշում զբաղեցնել։ Իհարկե, շատ կարճ ժամանակ անց նրանք գիտակցեցին իրենց կեցվածքի ու շտապողականության սխալ լինելը և փորձեցին շտկել իրավիճակը։ Առհասարակ կոշտ և հապճեպ դիրքորոշումը ոչ բարեկամական և սադրիչ վարքագիծ է հանդիսանում։ Ամենայն հավանականությամբ, որոշ հակաիրանական տարրեր այդ հապճեպ դիրքորոշման կայացման հարցում իրենց ներդրումն ունեին։


Խնդիրը հարթվե՞լ է արդեն Թեհրանի և Բաքվի միջև, թե առայժմ վաղ է դրա մասին խոսել։

Այո, ի հայտ եկած թյուրիմացությունը հարթվել է։ Իրանական կողմը վերահաստատում է, որ ադրբեջանական կողմը չպետք է ենթարկվի Իրանի թշնամիների ազդեցությանը և չմտնի կործանարար ու վտանգավոր խաղի մեջ։ Իրանն իր պարտավորությունն է համարում պահպանել Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունը, իսկ ԱՄՆ–ի և Իսրայելի տարրերի ներկայությունը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Հետևաբար, Ադրբեջանի Հանրապետությունը պետք է շատ զգոն լինի։


Կան ենթադրություններ, որ ԱՄՆ-ը և Իսրայելը դրդում են Ադրբեջանին և Թուրքիային միանալ պատերազմին Իրանի դեմ: Նման միտում տեսնո՞ւմ եք:

Հնարավոր է՝ վերոնշյալ սադրանքներ նպատակը հենց եղել է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ։ Ուստի, այդ երկրները պետք է շրջահայաց լինեն։ Թուրքիան գիտակցում է, որ ԱՄՆ–ի և Իսրայելի նպատակն Իրանի դեմ պատերազմի միջոցով տարածաշրջանում Իսրայելի գերիշխանությունը հաստատելն ու «Մեծ Իսրայել» ծրագրի առաջմղումն է, և այս ագրեսիվ պատերազմը Իրանի դեմ դիտարկում է որպես այդ փազլի կարևոր բաղադրիչ։ Այս պատճառով Թուրքիան զգոն է, որպեսզի չդառնա սիոնիստների՝ Իրանը թուլացնելու նպատակով իրականացվող դավադրության զոհը։ Ադրբեջանական կողմը նույնպես պետք է առավել զգոն լինի, քանի որ Իրանի թշնամիների ազդեցության հետևանքով այդ երկրի ցանկացած ներգրավում նման իրավիճակի մեջ վնասից զատ այլ արդյունքի չի հանգեցնի։


Ադրբեջանի նախագահն օրեր առաջ ևս մեկ անգամ պնդեց, որ իրենց տարածքը որևէ դեպքում չի օգտագործվի Իրանի դեմ պատերազմում։ Այդ հավաստիացումը լիարժեք փարատե՞լ է Թեհրանի մտահոգությունները։

Հույս ունենք, որ այս պնդումն ամբողջությամբ կիրագործվի։ Ըստ իրանական կողմի գնահատականի՝ ներկա պահի դրությամբ պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության տարածքը Իրանի դեմ չի օգտագործվել։ Սա նպաստում է նաև այդ երկրի անվտանգության ու կայունության պահպանմանը։ Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում ենք ԱՄՆ–ի և Իսրայելի բոլոր գործողությունները Իրանի դեմ, դրանց ծագման աղբյուրները և դրանց ուղղությամբ տրամադրած աջակցությունը։


Ի՞նչ ակնկալիք ունի Իրանը հարևան երկրներից՝ այդ թվում Հայաստանից ստեղծված իրավիճակում։

Հարևան երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունից մեր ունեցած ակնկալիքն այն է, որ նախազգուշացնեն ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի անօրինական ու անմարդկային ագրեսիա ենթադրող գործողությունների վերաբերյալ՝ թույլ չտալով նրանց օրինազանց գործողություններին վտանգել համաշխարհային և տարածաշրջանային կարգն ու անվտանգությունը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության կայունությունը։ Որոշակի վտանգ կա, որ այս պատերազմի ընդլայնումը կանդրադառնա բազմաթիվ այլ տարածաշրջանների վրա։


Իրանը բազմիցս է մտահոգություն հայտնել Հայաստանի տարածքով TRIPP-ի ստեղծման վերաբերյալ։ Վերջերս Դուք հայտարարել էիք, որ Թեհրանը հավաստիացում է ստացել ՀՀ կառավարության կողմից առ այն, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ընդդեմ Իրանի, և TRIPP-ը վտանգ չի ներկայացնի։ Այժմ, երբ ԱՄՆ-ը Իսրայելի հետ միասին պատերազմ է սկսել Իրանի դեմ, Թեհրանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ որևէ կերպ փոփոխվե՞լ է, մտահոգություններն այս հարցում ավելացե՞լ են։


TRIPP-ի հարցի քննարկման ժամանակ մենք պահպանում ենք կանխակալ դատողություններ չառաջադրելու և Իրանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնվելու սկզբունքը։ Բնական է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի ագրեսիվ և թշնամական կեցվածքը մեր երկիրը զգայուն է դարձնում մեր սահմանների հարակից տարածքներում ամերիկյան ցանկացած տեսակի ներկայության նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա, որ այս ճանապարհը անվտանգային կամ ռազմական բնույթ ձեռք բերի։ Հույս ունենք, որ տեղի ունեցող շարունակական խորհրդակցությունները կհանգեցնեն ինչպես Հայաստանի համար տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, այնպես էլ Իրանի անվտանգությանն առնչվող մտահոգությունների փարատմանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250