Իտալիան ընդունում է Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը

Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը, որոնք պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են միանգամից երկու քաղաքում՝ Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։


Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև փետրվարի 22-ը։ 2026 թվականի խաղերին ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ երեք հազար մարզիկ։


Խաղերին կմասնակցեն նաև Հայաստանի 5 ներկայացուցիչներ։ Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև գեղասահքի սպորտային զույգ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին։


Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրները կլինեն Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։


Առաջինը մրցապայքարի մեջ կմտնեն գեղասահորդները․ կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց ելույթը նախատեսված է փետրվարի 6-ին, իսկ ազատ ծրագրի որակավորման փուլը կկայանա փետրվարի 8-ին։


Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը կմասնակցի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևին, իսկ փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևին։


Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։


Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին։


Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու, իսկ մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում։


Նշենք, որ 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միացյալ Նահանգներում։

Քաղաքականություն