Գյումրու փոխքաղաքապետի խափանման միջոցը մնաց անփոփոխ․ Կարապետ Ղուկասյանինը փոխվեց՝ 3 ամսով տնային կալանք

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ընթանում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի, «Գյումրու կոմունալ ծառայության» պետ Արտյոմ Մկրտչյանի գործով դատական նիստը։


 Սպարտակ Ղուկասյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, դատարանը որոշել է հարկադրաբար ներկայացնել նրան դատարան։ Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց ընդդատության խնդիրը, նշեց՝ եթե գործն ընդդատյա է Հակակոռուպցիոն դատարանին, ապա թե՛ նախաքննությունը պետք է իրականացվեր ՀԿԿ-ի կողմից, թե՛ դատախազական վերահսկողությունը՝ համապատասխան վարչության կողմից։ Միջնորդություն, սակայն, այսօր չներկայացվեց, Փոստանջյանը հաջորդ նիստին կներկայացնի միջնորդությունը։ Հաջորդիվ դատարանում քննարկման առարկա դարձվեց մեղադրյալների խափանման միջոցների հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց երկարացնել Կարապետ Ղուկասյանի կալանավորման ժամկետը։ Ի թիվս այլնի՝ մեղադրողը նշեց, որ տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում Կարապետ Ղուկասյանի հեռախոսային զրույց է ունեցել Սպարտակ Ղուկասյանի հետ։ Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցները ևս հանրային մեղադրողը միջնորդեց անփոփոխ թողնել։


Պաշտպան Գագիկ Խաչիկյանը նկատեց, որ Կարապետ Ղուկասյանը պաշտոնատար անձ չէ։ Ինչ վերաբերում է Կարապետ Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի հեռախոսային խոսակցությանը, Խաչիկյանը նշեց՝ Կարապետ Ղուկասյանն ի՞նչ իմանար, որ չի կարող խոսել Սպարտակ Ղուկասյանի հետ, պաշտպանը նկատում է՝ տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում սահմանափակումները հայեցողական են, Ղուկասյանը չէր կարող իմանալ։ Դատարանը որոշեց անփոփոխ թողնել Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգելքը, իսկ Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը փոխեց՝ կիրառելով տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով։ Արտյոմ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց և կիրառվեց վարչական հսկողություն։

Ավելի  վաղ հայտնել էինք նոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ։

Քաղաքականություն