Հայաստանի տարածքում Նիպահ վիրուսի տարածման վտանգ չկա. ՀՎԿԱԿ

Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ին:


«Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։ Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։


Հնարավոր է նաև վարակի փոխանցումը մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։


Վերջին տարիներին մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալազիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։


Վարակի տարածման առումով բարձ ռիսկային երկրներ են համարվում՝ Քամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները, Թայլանդը։


Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով.


- անախտանիշ.


- սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով.


- էնցեֆալիտներով.


- տարբեր նյարդաբանական խանգարումներով։


Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում.


1. Օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերը, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ:


2. Օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք:


3. Խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից:


4. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները:


5. Կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ:


Հաշվի առնելով, որ ՀՀ տարարծքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն՝ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են»,- ասված է հաղորդագրությունում։

Քաղաքականություն