ՔՊ-ի նախաձեռնությամբ խստացվում են դիտորդական առաքելությունների պահանջները

Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով իշխանական պատգամավորներն առաջարկում են խստացնել դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները՝ մասնավորապես քաղաքական չեզոքության և ֆինանսական աղբյուրների բացահայտման մասով։


Նախագիծը ներկայացրել է իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ գործող կարգավորումներով հստակ սահմանված չեն այն մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն քաղաքական զսպվածության պահանջի խախտման դեպքում։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է գործող կանոնների հստակեցումն ու առկա մեխանիզմների ընդլայնումը։


Ջուլհակյանը ընդգծել է, որ դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց առաքելությունն է ընտրությունների անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը։ Ըստ նրա՝ այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն քաղաքականապես չեզոք և անկողմնակալ գործունեության պայմաններում։


Պատգամավորը նշել է, որ գործող Ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականությունների վերահսկման և ապահովման համար, և օրենսդրական նախաձեռնությունը միտված է այդ բացի շտկմանը։


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նախագիծը որակել է հակաժողովրդավարական և բոյկոտել է քննարկումը։ Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախագիծը հեղինակվել և արտահերթ կարգով ներկայացվել է առանց լայն քննարկումների։ Նա այն բնութագրել է որպես «մերձիշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ»։


Մինասյանի խոսքով՝ նախաձեռնությամբ հնարավոր է հավատարմագրումից զրկել այն անձանց, որոնց գնահատականները կամ հայտարարությունները կներկայացվեն որպես քաղաքական հակաքարոզչություն։


Նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով և առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Քվեարկությունից հետո նախատեսվում է գումարել ևս մեկ նիստ՝ երկրորդ ընթերցման քննարկման համար։

Քաղաքականություն

Պատահարներ