Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները գործադուլ են անում․ պահանջները դեռ չեն բավարարվել
Արդեն 9-րդ օրն է, ինչ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
Գետնի տակ, բարձր ռիսկային պայմաններում աշխատող շուրջ 50 քաղաքացի հավաքվում է ընկերության դարպասների մոտ և սպասում, որ իրենց պահանջները լսելի դառնան։ Լրագրողների հետ անձամբ խոսելուց խուսափում են։
Նրանց պահանջներն ու մտահոգությունները Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրել է բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։
«Գործադուլի մասնակիցները նեղ մասնագիտական աշխատանք կատարողներն են՝ հորատողներ,որոնք ստորգետնյա տարածքում իրականացնում են հորատումներ, պայթեցումներ։ Սա չափազանց ծանր ու վտանգավոր աշխատանք է, որը ենթադրում է մեծ ռիսկեր։ Հետևաբար, բնական է, որ նման պայմաններում աշխատող մարդը պետք է համարժեք վարձատրվի։ Սակայն, աշխատակիցների պնդմամբ, իրենց կատարած աշխատանքի և ստացած աշխատավարձի միջև համապատասխանություն չկա»,- ասել է Դուլգարյանը։ Դուլգարյանի խոսքով՝ մի քանի օր շարունակ բանակցություններ են տեղի ունեցել, սակայն դրանք արդյունք չեն տվել։ Դրան զուգահեռ, ընկերությունը աշխատանքի հայտարարություն է տվել՝ նոր հորատողների որոնման նպատակով։
Թե որքան աշխատավարձ են ստանում հանքի աշխատողները, հստակ տվյալներ չկան։
Auroranews-ը փորձել է կապ հաստատել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հետ պարզելու իրավիճակը, մեր զանգերն անպատասխան են: Փորձել ենք նաև կապ հաստատել Լոռու մարզպետի աշխատակազմի հետ, որտեղից մեզ ասացին, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում գործադուլին վերաբերող հարցերն ուղարկել գրավոր հարցման միջոցով:





























