Մենք հստակ դիրքորոշում ունենք Գրենլանդիայի հարցով․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով եվրոպական ութ երկրների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշումը անվանել է «հիմնարար սխալ»։ Փոխանցում է TASS-ը։


«Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ շատ հստակ է՝ այն Դանիայի Թագավորության մաս է կազմում, և նրա ապագան կախված է Գրենլանդիայի և դանիացիների ժողովուրդներից։ Մենք նաև հստակեցրել ենք, որ Արկտիկայի անվտանգությունը կարևոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար», - ասվում է հայտարարության մեջ։ Սթարմերը հավելել է, որ «դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Ռուսաստանի կողմից Արկտիկայի տարբեր մասերում ներկայացվող սպառնալիքին հակազդելու համար»։


«ՆԱՏՕ-ի երկրների կոլեկտիվ անվտանգության համար ձգտող դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը բացարձակ սխալ է։ Մենք, իհարկե, այս հարցը ուղղակիորեն կքննարկենք ԱՄՆ վարչակազմի հետ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։


Նախկինում Մեծ Բրիտանիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները դատապարտել են Թրամփի որոշումը։

Քաղաքականություն