Ժաննա Անդրեասյանը՝ մսուր-մանկապարտեզների համակարգը զարգացնելու մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է զարգացնել մսուր-մանկապարտեզների համակարգը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։


Նրա խոսքով՝ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը հաջողությամբ իրականացվում է և կավարտվի սահմանված ժամկետում: Նախորդ տարի ծրագրին ուղղվել էր 53 մլրդ դրամ, իսկ այս տարում՝ 121 մլրդ:


«Մեկնարկել է նախադպրոցական կրթության՝ մսուրների ծրագիրը, ինչը չէր եղել ԽՍՀՄ ժամանակներից ի վեր: Երևանում դրանք արդեն կան, շուտով կհայտնվեն նաև Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում: Մսուրները նախատեսված են 6 ամսականից բարձր երեխաների համար, ծրագիրն էլ շարունակական է լինելու», - հայտնել է Անդրեասյանը:


Նախարարը հայտնել է, որ սկսվել է ոչ կառավարական հաստատությունների լիցենզավորումը: Ներկայումս կա մոտ 250 լիցենզավորված հաստատություն, որոնք կրթում են ավելի քան 10,000 երեխայի: Այս համատեքստում նա նշել է վերահսկողության և չափորոշիչների պահպանման կարևորությունը:


Կրթական համակարգը ներկայումս սպասարկում է հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 1700 երեխաների, ինչը զգալիորեն ավելի է, քան նախորդ տարիներին։



Քաղաքականություն