«Կարմիր գծերի» տուրքը չի փոխվի
Երևանի ավագանու այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր 2026 թվականի համար նախատեսված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերին։ Նախագծերի փաթեթում ներառված էին նաև վճարովի ավտոկայանատեղիների՝ հայտնի «կարմիր գծերի», ինչպես նաև հանրային տրանսպորտի վճարների դրույքաչափերը։
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր տվյալ հարցը դարձնել զեկուցվող՝ հաշվի առնելով դրա սոցիալական նշանակությունը։ Սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն նախատեսված չէ։ Նրա խոսքով՝ 2026 թվականի համար առաջարկվող դրույքաչափերը նույնն են, ինչ ընդունվել էին նախորդ տարի։
«Նույն դրույքաչափերն են, ինչ ընդունել ենք նախորդ տարի, որևէ փոփոխություն չկա»,- ընդգծել է Ավինյանը։
Հիշեցնենք, որ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար գործում էր մեկ միասնական սակագին։ Սակայն 2023 թվականի տարեվերջին Երևանի ավագանու ընդունած որոշմամբ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ «Ա» գոտում տարեկան կայանման վճարը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Զգալիորեն թանկացան նաև մեկ ժամվա, շաբաթվա և ամսվա կայանման վճարները։






























