Գերմանիայում առաջարկում են ներդնել համազգային շաքարի հարկ

Գերմանիայում քննարկվում է համազգային շաքարի հարկի ներդրման հնարավորությունը՝ երկրում շաքարի չափից ավելի սպառման պատճառով։ Ինչպես գրում է Die Welt-ը, նախաձեռնությամբ հանդես է եկել Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային հողի վարչապետ Դանիել Գյունթերը։


Նրա խոսքով՝ շաքարի հարկի սահմանումը վաղուց դարձել է անհրաժեշտություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից։ Գյունթերը նշել է, որ շաքարի չափազանց մեծ օգտագործումը լուրջ վնաս է հասցնում հանրային առողջությանը և հանգեցնում է զգալի սոցիալական ծախսերի։


«Շաքարի սպառումը առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ, որոնք իրենց հերթին մեծ բեռ են դառնում հասարակության և պետական համակարգի համար»,- հայտարարել է քաղաքական գործիչը։


Գերմանիայում վերջին տարիներին ակտիվ քննարկվում են սննդային քաղաքականության խստացման տարբեր մեխանիզմներ՝ նպատակ ունենալով նվազեցնել շաքարով հարուստ մթերքների օգտագործումը և կանխել գիրության ու շաքարային դիաբետի տարածումը։ Առաջարկվող հարկը կարող է վերաբերվել ոչ միայն քաղցրավենիքներին, այլև շաքար պարունակող խմիչքներին և մշակված սննդամթերքին։


Եթե նախաձեռնությունը ստանա աջակցություն, այն կարող է ազդել լայն սպառողական շերտերի վրա և դառնալ առողջապահական քաղաքականության կարևոր բաղադրիչ Գերմանիայում։

Քաղաքականություն