Ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Արցախի թեմի առաջնորդի շուրջ. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու պահանջին է միացել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին արցախահայությունն իմացել է միայն նոյեմբերի 27-ին, երբ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Վեհափառի դեմ դուրս եկած բարձրաստիճան հոգեւորականները` եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ, հանդիպում-քննարկում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Այդ հանդիպում-քննարկմանը ներկա է գտնվել Վրթանես սրբազանը։ Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության դժգոհությունը, այլև, ինչպես թերթի աղբյուրներն են հայտնում, խռովություն է առաջացրել անգամ սեփական տան պատերի ներսում` հարազատների միջև։ Այս դեպքից հետո, ինչպես աղբյուրներն են հայտնում, սրբազանի քույրերը խզել են իրենց կապերը հարազատ եղբոր հետ։ Վրթանես Սրբազանի քույրերից մեկի որդին էլ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Արցախի թեմի առաջնորդի այս կեցվածքը մեծ ցասում ու զայրույթ է առաջացրել արցախահայության շրջանում։ Նրանք նշում են, որ Թեմի առաջնորդը շրջափակման ժամանակ իրենց կողքին` Արցախում չի եղել, բայց ժողովուրդն աչք էր փակել այդ ամենի վրա` հարգելով այն փաստը, որ Վրթանես սրբազանն իրենց հոգևոր առաջնորդն է, սակայն այս հանդիպումից հետո այլեւս աչք փակել չեն կարող։
Նշվում է, որ Արցախի թեմի թեմական խորհուրդը հանդիպման հաջորդ օրը միանգամից հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ հանդիպման մասին իրենք տեղյակ չեն եղել, և որ չեն կիսում Վրթանես սրբազանի մոտեցումները։ Այս ընթացքում Արցախի իշխանությունից շատերն են փորձել հանդիպում ունենալ սրբազանի հետ՝ հասկանալու, թե որն է եղել պատճառը։ Ինչպես հայտնի է, Վրթանես սրբազանն ընդունել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանին և թեմական խորհրդից մի քանի անձանց, սակայն իրական պատճառի մասին նրանց չի հայտնել։
Ներքին խոսակցություններ էլ կան նաև այն մասին, որ Վրթանես Սրբազանը ՀՀ ՊՆ-ի կողմից բնակարանն էր նվեր ստացել, և հնարավոր է՝ այն չկորցնելու համար անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը։






























