Պարույր Սևակի տուն-թանգարանը նախաձեռնել է հարցում՝ քանդակի հեռացման վերաբերյալ

Պարույր Սևակի տուն-թանգարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված օրեր առաջ Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակի շուրջ ստեղծված իրարանցման հետ.


«Զանգակատուն համայնքի սիրելի բնակիչնե՛ր, վստահաբար տեղյակ եք, որ համայնքի դպրոցի բակում վերջերս տեղադրված Լ. Թոքմաջյանի քանդակը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցերում: Ցավոք, այս ընթացքում դրական կամ բացասական կարծիքներից զատ՝ հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ գյուղի բնակիչների և մասնավորապես աշակերտների հասցեին: Պ. Սևակի տուն-թանգարանը սա բացարձակապես անընդունելի է համարում: Անշուշտ, միշտ էլ կարելի է դիրքորոշում հայտնել, բայց մարդկանց վիրավորելը անթույլատրելի է, և այդ վիրավորողները որևէ կերպ չեն կարող Պ. Սևակի հոգևոր պատգամների կրողը լինել:


Այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային բողոքը և այն հանգամանքը, որ թանգարանի համար անչափ կարևոր է մեր համագյուղացիների կարծիքը, խնդրում ենք մասնակցել հետևյալ հարցմանը՝


ԿՈ՞ՂՄ ԵՔ, ՈՐ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՔԱՆԴԱԿԸ ՀԵՌԱՑՎԻ»։


Այս պահի դրությամբ հարցման մասնակիցների 82 տոկոսը կողմ է, որ քանդակը հեռացվի, 18 տոկոսը՝ դեմ»,- նշվում է հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ