Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի հետագա բարգավաճումը. Հնդկաստանի ԱԳՆ
Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները նշանավորվում են դարավոր բարեկամությամբ և ռազմավարական նոր մակարդակի են հասել հատկապես վերջին տարիներին։ Տարածաշրջանային զարգացումները, կապակցվածության նախագծերը և պատմական խորը կապերը հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման համար։ Այս մասին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը, տեղեկանում ենք NEWS.am-ից
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը շեշտել է` երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, մենք այդ հարաբերությունները դիտարկում ենք պատմական տեսանկյունից։
«Մեզ միավորում են դարերի և հազարամյակների շփումները։ Կցանկանայի հիշել մի պատմություն, երբ անկախությունից հետո առաջին այցի ժամանակ ձեր ղեկավարն ինքնաթիռից իջնելուն պես համբուրել է հողը (խմբ.՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը 1995 թ. դեկտեմբերին)։
«Այս հողն այնքան յուրահատուկ է մեզ համար»։ Եվ այսպես, կարող եմ ասել, որ մենք կիսում ենք նույն զգացողությունը»,- նշել է պաշտոնյան։
«Մենք ունենք ամուր երկկողմ կապեր։ Մենք ունենք քաղաքական կապեր։ Մենք այժմ ունենք շատ ամուր պաշտպանական հարաբերություններ։ Եվ մենք ցանկանում ենք տեսնել ձեր երկրի հետագա բարգավաճումը»,- նշել է Ռանդհիր Ջայսվալը։





























