Կարևորվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացումը․ ԱԳՆ
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Ռիյադում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակներում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպմանը։
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ հակամարտությունների կանխարգելման, հասարակությունների միջև վստահության վերականգնման և բոլոր համայնքների արժանապատվության և ինքնության պաշտպանության գրավականը խաղաղության և բռնության դեմ պայքարի մշակույթի խթանումն է` հիմնված հանդուրժողականության և փոխըմբռնման վրա: Այս համատեքստում նշել է, որ Հայաստանը ակտիվորեն նպաստում է ատելության խոսքի, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության դեմ ուղղված համաշխարհային ջանքերին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Անդրադառնալով տարածաշրջանային զարցացումներին` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը: Այս համատեքստում կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություննեի իրականացումը` ի նպաստ Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդման, ավելի կայուն և համագործակցային միջավայրի հաստատման: Կարևորվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացումը՝ մարդկանց միջև շփումների միջոցով տարածաշրջանում խաղաղության խթանման և վստահության ամրապնդման համար:





























