Ավագանին կբողոքարկի կարմիր գծերի հետ կապված Վերաքննիչ Վարչական դատարանի որոշումը

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:


«Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։


Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման և համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե' 2024թ, թե' 2025թ ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,- նշել է նա:


Auroranews-ը մանրամասներ ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից մեզ ասացին. «ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվել է թիվ ՎԴ/0796/05/25 վարչական գործը՝ ըստ Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումի ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ։


Դատարանը թիվ ՎԴ/0796/05/25 վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ի որոշմամբ դիմումը բավարարել է մասնակի և նշված որոշման հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները ճանաչել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 8-րդ հոդվածին հակասող և անվավեր, իսկ մնացած մասով դիմումը մերժել է։


ՀՀ վարչական դատարանի նշված որոշման դեմ Երևան քաղաքի ավագանու կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, որը թիվ ՎԴ/0796/05/25 վարչական գործով 2025 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ թողնելով անփոփոխ ՀՀ վարչական դատարանի 2025 թվականի մայիսի 23-ի որոշումը։


ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։


Տեղեկացվել է, որ Երևան քաղաքի ավագանու նշված որոշման դեմ բողոք կներկայացվի ՀՀ վճռաբեկ դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում»:

Քաղաքականություն