Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ»

Մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


«Մենք շատ ավելի մեծ թվով մարդկանց ու քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում։ Կարծում եմ՝ ճիշտ չի լինի հիմա անուններ հրապարակելը ու հանդիպումներից մանրամասներ հայտնելը», –  օրաթերթի հետ զրույցում ասել է «Նժար» սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ ավելի ողջամիտ է գտնում այս իրավիճակում լռություն ու հանգստություն պահպանելը։ Կարապետյանցը հանդիպումներից միայն նշում է, որ բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել այն բոլոր ուժերի հետ, որոնք իսկապես արժեհամակարգ կրող են, պատկերացում ունեն, թե ինչպիսի փոփոխված, զարգացած, անվտանգ Հայաստանում կարող են ապրել։ Հարցին, թե քննարկում ունեցել են նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Կարապետյանցը չի պատասխանել։ «Միասնական թեկնածուի մասին առայժմ վաղ է խոսել։ Միայն կարող եմ ասել, որ «Նժար»-ի կողմից իմ թեկնածությունն են առաջարկել», – ասել է Կարապետյանցը։


Ինչպես հայտնի է, ընդդիմադիր դաշտում են դիրքավորված նաեւ «Մեր ձեւով» շարժումը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որը թերեւս նույն ձեւաչափով կմասնակցի:


Թե էլ ինչ նոր ուժեր ի հայտ կգան, վաղ է ասել»,- գրում է օրաթերթը։

Քաղաքականություն