Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել ու չենք քննարկում մեր Սահմանադրության հարցը․ Փաշինյան
Մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել ու չենք քննարկում մեր Սահմանադրության հարցը, որովհետև համարում ենք, որ դա մեր ներքին հարցն է։ Այս մասին Համբուրգում՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջի մասին հարցին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պայման չունի խաղաղության համաձայնագիրը ստորագրելու առումով։
«Ես պարզ հարց եմ տալիս։ Ասում եմ, ուզում եմ հասկանալ, Ադրբեջանը ուզու՞մ է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե՞ իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ պրոբլեմ կա այդտեղ, այդ պրոբլեմը լուծելու ամենակարճ ձեւը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որովհետև երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը», - ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ կա երկու տարբերակ։
«Կամ Սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել Ազգային ժողով և վավերացնել։ Երբ որ վավերացվում է համաձայնագիրը Ազգային ժողովում Սահմանադրության հինգերորդ կետի, կարծեմ, երրորդ մասի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի և մեր ներքին օրենսդրության մեջ հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրը ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում է ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենա էլ չի կարողանա տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։
Ինչու՞։ Որովհետև այդ համաձայնագրի առաջին հոդվածում, որ արդեն հրապարակային փաստաթուղթ է, գրված է, որ ելնելով այն իրողությունից, որ Խորհրդային Միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը, երկրորդ հոդվածում ասվում է, որ այդ հենքի վրա կողմերը միմյանցից չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել տարածքային պահանջներ։ Մեկ ուրիշ հոդվածում ասում է, որ կողմերը չեն կարող կարող հղում անել իրենց ներքին օրենսդրության վրա տվյալ համաձայնագրի ի կատար ածումը ձախողելու համար որպես արդարացում։
Հետևաբար, երբ որ այս համաձայնագիրը վավերացվում է, Հայաստանը ուզենա էլ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից սա առաջինը։ Երկրորդ տարբերակը որոշում է, որ չի համապատասխանում համաձայնագիրը մեր սահմանադրությանը։ Ես այդ ժամանակ ասել եմ, որ ես ինքս ասում եմ, որ այդ դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, որովհետև կարծում եմ, որ ձեռքբերված խաղաղությունը այնպիսի արժեք է, որ ասում են, որ պետք է ամենօրյա խնամք տանենք, որ արժի գնալ և այդ փոփոխությունը անել, բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասել․ «Գիտե՞ք ինչ, եկեք սահմանադրությունը փոխենք»։





























