Փի Դիդիի փաստաբանները պահանջում են Netflix-ից չցուցադրել ռեփերի մասին ֆիլմը

Ռեփեր Շոն Քոմբսի (P. Diddy) իրավաբանները պաշտոնական նոտա են ուղարկել Netflix-ին՝ պահանջելով դադարեցնել նոր փաստագրական ֆիլմի թողարկումը՝ պնդելով, որ նախագծում օգտագործվել են անօրինաբար ձեռք բերված կադրեր։


CNN-ի տեղեկացմամբ՝ փաստավավերագրական «Շոն Քոմբս․ Վճռական դատաստան» ֆիլմը նկարահանել է ռեփեր և դերասան Քերթիս Ջեքսոնը՝ 50 Cent անունով հայտնի Քոմբսի երկարամյա հակառակորդը։ Ռեփերի պաշտպանական թիմը պնդում է, որ նախագծում ներառված են «գողացված տեսագրություններ, որոնց տարածման թույլտվությունը երբեք չի տրվել»։


Իրավաբանների հայտարարության մեջ ընդգծվում է, որ Netflix–ը և ընկերության ղեկավար Թեդ Սարանդոսը տեղեկացված էին, որ Քոմբսը դեռ 19 տարեկանից հավաքում էր սեփական արխիվն՝ իր պատմությունը ինքնուրույն ներկայացնելու նպատակով։ «Netflix-ի կողմից այդ աշխատանքի յուրացումը լիովին անարդար և անօրինական է»,-նշել են երաժշտի ներկայացուցիչները։


Քննարկվող կադրերն արդեն ներառված են Netflix-ի հրապարակած պաշտոնական թրեյլերում։ «Մեզ պետք է մեկը, ով աշխատել է մեզ հետ ամենակեղտոտ ոլորտներում»,– ասում է ռեփերը տեսանյութում։ «Մենք պարտվում ենք»։


P. Diddy-ի ներկայացուցիչ Ջուդա Էնգելմայերը հայտնել է, որ ոչ Քոմբսը, որը ներկայումս կրում է 4-ամյա պատիժ և նրա թիմը դեռևս չեն դիտել ամբողջական ֆիլմը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը ռեփերին դատապարտել էր ավելի քան 4 տարվա ազատազրկման՝ մարդկանց տեղափոխումը սեռական ծառայությունների ներկայացման նպատակով կազմակերպելու մեղադրանքով։ 

Քաղաքականություն

Պատահարներ