Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հաստատել , որ ԱԱԾ աշխատակիցների հետ մի քանի անգամ հանդիպել է
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը այսօր ասուլիսում հաստատեց, որ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, սակայն անունները չհրապարակեց։
«Ես հրավիրված եմ եղել հանդիպումների, ոչ թե կանչվել․ ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկվել։ Եղել է հրավեր, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում նրանք արտահայտել են իրենց տեսակետները, ես՝ իմը»,– պատասխանեց արքեպիսկոպոսը «Ազատության» հարցին։
Խաչատրյանը չմանրամասնեց, թե խոսքը որ ժամանակահատվածի հանդիպումների մասին է։ ԱԱԾ նրան հրավիրելու մասին տեղեկությունները շրջանառվում էին 2024-ի գարնանը։
«Ակնարկներ են եղել որոշակի գործողությունների վերաբերյալ, բայց շատ արագ պարզ է դարձել, որ ես այն մարդը չեմ, ում նկատմամբ հնարավոր է սպառնալիքներով, վախի ներշնչմամբ կամ ահաբեկմամբ հասնել քայլերի, որոնք չեն բխում իմ համոզմունքներից»,– ասաց Արշակ սրբազանը։
Նա ընդգծեց, որ այսօր էլ մնում է նույն դիրքորոշմանը։ Արքեպիսկոպոսը հերքեց իր մասին վերագրումները՝ տարածված տեսանյութը որակելով կեղծիք։
«Ես կյանքումս արված գործեր չունեմ, որոնց համար ամաչեմ»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ համացանցում էին տարածվել անձնական բնույթի տեսագրություններ, ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ։ Քննչական կոմիտեն հաստատել էր, որ տեսագրությունում պատկերված անձը հենց նա է։





























