Էկվադորում առևանգել են Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոսին

Էկվադորում առևանգել են Գուայքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոս Քոլին Արմսթրոնգին: Այս մասին գրում է El Universo թերթը։

Լրագրողների տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան, Էկվադորի Լոս Ռիոս նահանգում։

Իր հերթին Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ ենթադրյալ հանցագործության կապակցությամբ Էկվադորի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները քննչական միջոցառումներ են անցկացնում:

Թերթը գրում է, որ հյուպատոսի հետ միասին առևանգվել է ևս մեկ մարդ:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և զարգացման նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ բրիտանացու անհետացումից հետո կապի մեջ է իշխանությունների հետ, սակայն չի հաստատել նրա ինքնությունը կամ հնարավոր հանցագործության վայրը:

Հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին սպանել են Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին: Քաղաքական գործչին սպանել էին գլխին երեք կրակոցով ՝ Կիտո քաղաքում հանրահավաքի ժամանակ։ Երկրում արտակարգ դրություն Էր հայտարարվել։

Քաղաքականություն