Քաղաքականություն

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ

Ofelya
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ

Զանգվածային լրատվության միջոցներից մեկն օրերս գրել էր, թե Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն անակնկալի են եկել, քանի որ «մի հին` 2018-19-ին հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի ՍԷԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը) փակել են, որ Ռուսաստան չմեկնի, և նախընտրական գործընթացները դանդաղեն»: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը։


Ի՞նչ է պարզվում:


2024 թվականի հունիսի 5-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ու այդ վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը):

Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:


Նշված դիմումով Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:


Դատարանը բավարարել է Դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին:

Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնեմասերը 2024 թվականի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը, իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 23 միլիոն 850 հազար եվրոյով վաճառել են: Այսինքն, Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0041/03/23 գործով 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված որոշմամբ:


Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:


Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը ևս մեղադրյալի կարգավիճակ ունի: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը 2024 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Նվեր Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելու դրդչություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը, կրելը):


Նվեր Ծառուկյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250