Միրզոյանը և Սիրիայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցությունը

ՀՀ արտգործ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև դիվանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացումը։


Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով, ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու ընդլայնել համագործակցությունը։ Ընդգծվել է, որ դրա համար ամուր հիմք են ծառայում երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը։


Որպես առաջնահերթություն առանձնացվել են տնտեսական և ներդրումային համագործակցությունը, ինչպես նաև հումանիտար ծրագրերը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը հումանիտար ականազերծման աշխատանքներում։


Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին։ Սիրիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, իսկ կողմերը քննարկել են խաղաղության ամրապնդման հետագա քայլերը։

Քաղաքականություն