ՀՀ-ն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն իրենց տարածքում անօրինական գտնվող քաղաքացիներին

Հայաստանն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն արտաքսման ենթակա իրենց քաղաքացիներին։ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։


Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:


Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում։


Փաստաթուղթն իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր։


Որպեսզի որոշվի` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ, կառավարությունը համաձայնագիրը կներկայացնի սահմանադրական դատարան: Բարձր դատարանի որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։

Քաղաքականություն

Պատահարներ