Ցորենի առևտրի հետ նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերության մեջ չենք մտել․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանը երբևէ չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հարցին։
«Պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանը երբևէ չի հրաժարվի, բայց Հայաստանը նաև երբեք չի հրաժարվի տեսնել, թե շուկայում էլ ով է ցորեն վաճառում, կա՞ ցորենի առաջարկ։ Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա, ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ ա առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք էդտեղից։ Չեմ ուզում թաքցնել` այսօր առաջարկներ կան։ Երբ տեսել են՝ մենք Ղազախստանից ցորեն ենք ձեռք բերել, ուրիշ վաճառողներ ասել են՝ կարո՞ղ է հետաքրքրի ձեզ էդ թեման։ Մենք էլ ասում ենք՝ գինն ասեք։ Գինն ու որակը հետաքրքիր կլինի՝ կլինի, չէ՝ չէ։ Ինչո՞ւմն է պրոբլեմը։ Ցորեն առնելն ամուսնությու՞ն է։ Տե՞ր ես, որդյակ իմ, հնազա՞նդ ես․․․ Տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի հետ նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերության մեջ չենք մտել»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում։





























