Սամվել Կարապետյանի կալանքի հարցով պատրաստվում են դատարան դիմել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ինչպես երեկ հայտնել էինք, նոյեմբերի 18-ին լրանալու է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։


ArmLur.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը ներքին հրահանգ է տվել՝ սահմանված ժամկետի լրանալուց յոթ օր առաջ միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ։


Ասել է թե՝ նախաքննական մարմինը ներկայում պատրաստվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու մասով դիմել դատարան։


Սամվել Կարապետյանի գործը քննվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ կազմի դատավոր Կարեն Ամիրյանի վարույթում։


Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Ամիրյանը 2019 թվականին եղել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում՝ նախ որպես ավագ դատախազ, ապա 2021 թվականի ապրիլից՝ որպես վարչության պետի տեղակալ:


Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ դատավորը ունի 2 անշարժ ցույք՝ 1 բնակարան ձեռք բերված 2019 թվականին և 1 ավտոկայանատեղի ձեռք բերված նույն տարում, Արաբկիր վարչական շրջանում։


2019 թվականը բարեբեր տարի է եղել նախկին ավագ դատախազի համար. նա նաև մեքենա է ձեռք բերել՝ Nissan մակնիշի։


Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 308 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 8,5 մլն դրամ։


Կարեն Ամիրյանը հաշվետու տարվա ընթացքում ստացել է 23 մլն 978 հազար դրամ եկամուտ 13 աղբյուրից։


5 աղբյուրից ստացել է աշխատանքի վարձատրություն. Դատական դեպարտամենտից՝ 13 մլն 958 հազար դրամ, Սլավոնական համալսարանից՝ 18 հազար 750 դրամ, Արդարադատության ակադեմիայից՝ 87 հազար 114 դրամ, ԵՊՀ-ից՝ 1 մլն 596 հազար դրամ, Եվրասիա միջազգային համալսարանից՝ 43 հազար 725 դրամ և նույն համալսարանի Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 48 հազար 750 դրամ։


Դատավորը ԿԳՄՍ նախարարության բարձրագույն գիտության և կրթության կոմիտեից ստացել է 38 մլն 500 հազար դրամ։


Փաստաբանների պալատից ստացել է 710 հազար 329 դրամ, ֆինանսների նախարարությունից՝ գրեթե 1,4 մլն դրամ։


Արդարադատության ակադեմիայից, Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից Կարեն Ամիրյանը ստացել է 300 հազար դրամ եկամուտ։


Ֆինանսական միջոցներից 5 մլն 790 հազար դրամը վարկեր են «Էվոկաբանկից» և «Կոնվերս» բանկից։


Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 657 հազար դրամ։


Այս բաժնից պարզ է դառնում, որ դատավորը ունի երկու բնակարան։ Մասնավորապես՝ 4 մլն 268 հազար դրամի հիփոթեքային վարկը տրամադրվել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման» ծրագրի շրջանակում՝ բնակարան և ավտոկայանատեղի ձեռք բերելու համար, իսկ 40 մլն 906 հազար դրամը կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի հիփոթեքի մայր գումարն է»։

Քաղաքականություն

Պատահարներ