Բազմաթիվ անգամ հայտարարել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ․ Փաշինյան

Ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ։ Նման հայտարարություն այսօր ԱԺ ամբիոնից արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով արցախյան 44-օրյա պատերազմին ու մասնավորապես` Լելե Թեփե կոչվող բարձունքի գրավման մասին` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արենուհի Կյուրեղյանի հարցին։

 

«Ես այս ամբիոնից բազմաթիվ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ,– ասաց Փաշինյանը,– ինչ վերաբերում է ձեր նշած դրվագին, դրա վերաբերյալ տրվել են բազմաթիվ պարզաբանումներ։ Ես էլ եմ տվել պարզաբանումներ և եթե պետք լինի` նորից կտամ։ Ես եղել եմ Ստեփանակերտում, հրավիրել եմ խորհրդակցություն և լսել եմ մարդկանց կարծիքները, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու վերաբերյալ։ Հնչել են առաջարկներ, որոնք ես խնդրել եմ, որ զինվորականները գնահատեն և կայացնեն որոշում»։

 

Փաշինյանը նաև նշեց, որ Լելե Թեփե անունն ինքն ընդհանրապես չի տվել։ Նրա խոսքով` «Լելե Փեթե» օպերացիա ընդհանրապես չի եղել։

«Այդ հետո է մտել շրջանառության մեջ` պրոպագանդիստական առումով, թե, իբր, ես ասել եմ` Սերժ Սարգսյանը 2016թ–ին Լելե Թեփեն կորցրել է, ինձ համար ունի քաղաքական նշանակություն, գնացեք, Լելե Թեփեն վերցրեք։ Այդպիսի բան չի եղել և չէր էլ կարող լինել»,– ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ինչու Փաշինյանը չի ընդունել պատերազմը դադարեցնելու` հոկտեմբերի 7-ի առաջարկը, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք բերվել է, որի արդյունքում ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է, Ադրբեջանի, ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրվել է փաստաթուղթ, հրապարակվել է, մեր հանրության կողմից լայնորեն ողջունվել է, ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել դա»։

Քաղաքականություն