Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել. Արայիկ Հարությունյան
Երբ իսպանացի պատգամավորը գալիս է և Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը և մեր իշխանությունը միտված է, ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախչել մեր կարծիքով անարդարացի քննադատությունից, լսել դա և ընդունել ի գիտություն։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեկ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին Եվրապատգամավորներից Նաչո Սանչեսը ամոթանք տվեց ՀՀ իշխանություններին, ասելով, որ 20-40 ոստիկան են ուղարկում մարդկանց հետևից խոսքի համար, բանտ են նետում և հիշեցրեց, որ ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։
Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ականի զավակը ԵՊՀ-ում նկարահանել է ընդդիմադիր դասախոսին և այն փոխանցել ռեկտորին, որից հետո դասախոսն ազատվել է աշխատանքից, և հարցին, թե ինչո՞ւ իր դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա իր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել ու չի տվել ռեկտորին, Արայիկ Հարությունյանն ասել է. «Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել, կամ որակումներ չեն լսել։ Իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են:
Երևանի պետական համալսարանի ռեկտորը 2018 թվականի ապրիլի 22–ին որոշում է կայացրել ինձ հեռացնել ԵՊՀ–ից, բայց ապրիլի 23-ին այդ հրամանը անհետացել է։ Մինչև այդ էլ եղել են փորձեր ճնշելու, սահմանափակելու, բայց ես կարծում եմ, որ նույն ԵՊՀ ղեկավարությունը, այդ թվում ռեկտոր Արամ Սիմոնյանը, շատ լուրջ մտահոգություններ է ունեցել, որ հնարավոր սահմանափակման դեպքում դա շատ ավելի վատ հետևանքներ կունենա ԵՊՀ–ի համար, քանի իմ սահմանափակումը»,- ասել է Հարությունյանը:





























