ՀԷՑ-ի կառավարիչը ժամանակավոր է. ուսումնասիրություններ են ընթանում. Խուդաթյան
ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարչի հրապարակումներում մի շարք խնդիրներ են արձանագրված, սակայն դրանց դատաիրավական գնահատական տալու անհրաժեշտության պատճառով ինքը խուսափում է մեկնաբանություններից։
«Այն ենթադրությունները, որ կային պետության համար կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, այժմ ուսումնասիրվում են։ Կան նախնական արդյունքներ»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան մարմիններին։
Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք օրակարգում մնում է ՀԷՑ-ի ազգայնացման հարցը և բավարա՞ր են արվող փոփոխությունները, Խուդաթյանը պատասխանել է, որ փոփոխությունները բավարար չեն, սակայն միայն ուսումնասիրությունների ավարտից հետո կկարողանա մեկնաբանել այդ թեման։
«Ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո այդ հարցին կպատասխանեմ»,– ասել է նախարարը՝ նշելով, որ հարցի հիմնական հասցեատերը ՀԾԿՀ-ն է։
Նա նաև անդրադարձել է «Վեոլիա Ջրի» վերաբերյալ դիտարկումներին՝ պարզաբանելով, որ ընկերությունը պետական ենթակառուցվածքների հավատարմագրային կառավարում է իրականացնում, ոչ թե հանդիսանում է դրանց սեփականատերը։





























