Ռուսաստանը պատրաստ է վերականգնել մշակութային կապերը Ադրբեջանի հետ

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հումանիտար և մշակութային համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ նույն չափով, որքան պատրաստ է Բաքուն։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը միջազգային մշակութային համագործակցության հարցերով՝ Միխայիլ Շվիդկոյը։


«Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է այն ամենին, ինչին պատրաստ են մեր գործընկերները։ Եթե ադրբեջանցի բարեկամներն ու գործընկերները պատրաստ են վերադառնալ հումանիտար, գիտական, կրթական ու մշակութային կապերի հաստատմանը, մենք նույնպես լիովին պատրաստ ենք»,– ասել է նա։ Շվիդկոյի խոսքով՝ երկու ժողովուրդներին միավորում է դարավոր պատմությունը, ընտանիքային կապերն ու ընդհանուր արժեքները, որոնք հիմք են երկու երկրների հասարակությունների համար։


Նա ընդգծել է, որ այսօր «չկան խորքային պատճառներ», որոնք կարող են խոչընդոտել հարաբերությունների ամբողջական վերականգնմանը։ Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների ընթացքը։


Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր ռուսական պետական և մասնավոր կառույցների մասնակցությամբ նախատեսված բոլոր մշակութային միջոցառումների՝ համերգների, փառատոնների, ներկայացումների և ցուցահանդեսների չեղարկման մասին։

Քաղաքականություն