
Պետք է ուղղակի օրենքը չխախտեր. Անդրանիկ Քոչարյանը` Գյումրու համայնքապետի ձերբակալության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը չէ, որ ազդակ է հանդիսացել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
«Պետք է ուղղակի օրենքը չխախտեր. մինչև այդ բազմաթիվ քրեական գործեր կային Ղուկասյանի ու նրա շրջապատի հետ առնչվող։ Փաշինյանի ելույթը չէ, որ ազդակ է հանդիսացել նրա ձերբակալման համար, սակայն պետք է հիշեցնեմ` երբ ես երկու տարի ղեկավարել եմ «Աղետու գոտու վերականգնման և օգնության» հանձնաժողովը, այնքան հարցերի հետ եմ իր հետ կապված առնչվել, սակայն այդ մասին հիմա չեմ ուզում խոսել ու մանավանդ անմեղության կանխավարկածի հետ կապված որևէ բան ասել»,– հայտարարեց Քոչարյանը։
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։