Ձայնագրությունից պարզ է դառնում, որ իրական «37 թիվը» հիշեցնող բարքերը հենց եկեղեցու ներսում են. ՔՊ պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել:


Նա անդրադարձել է համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:


Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:


«Այսօր սոցցանցերում տարածված ձայնագրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին բռնազավթված է «հոգևոր խունտայի» կողմից, որոնք եկեղեցու ներսում հաստատել են իրենց բարոյականությանը համահունչ խուլիգանական և հանցավոր բարքեր։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են իրականում ծառայել Աստծուն և ժողովրդին, ենթարկվում են յուրօրինակ ինկվիզիցիայի Կտրիճի և նրա «ինկվիզիտորների» կողմից։


Այս ձայնագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հենց Կտրիճն է՝ իր նեղ շրջապատով, ապականում Եկեղեցին և ներգրավում այն քաղաքական խաղերի մեջ:


Հայաստանում Կտրիճի համախոհ որոշ քաղաքական շրջանակներ հայտարարում են, թե իբր երկրում տիրում է «37 թիվը», մինչդեռ հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ իրական «37 թիվը» հիշեցնող բարքերը հենց Եկեղեցու ներսում են․ Կտրիճը բռնապետին վայել կերպով ճնշումների է ենթարկում և անձնական վրեժխնդրություն է իրականացնում այն հոգևորականների նկատմամբ, որոնք հրաժարվում են կատարել նրա՝ ըստ էության հանցավոր հրահանգները։


Հ.Գ. Ի դեպ, Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրանք չեն հերքել հրապարակված ձայնագրության իսկությունը»,- գրել է Ղազարյանը:


Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ ասվում է.


«Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։


Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»:

Քաղաքականություն