
Պուտինը հաստատել է 2026-2030 թվականների պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է 2026-2030 թվականների պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։
Նա կառավարությանը հանձնարարել է մինչև 2025 թվականի ավարտը հաստատել հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագիրը։
Հայեցակարգի համաձայն՝ իշխանությունը ավանդական արժեքներ կրող օտարերկրացիներին կօգնի տեղափոխվել Ռուսաստան։ Միաժամանակ սահմանափակումներ կգործեն չաշխատող և չսովորող միգրանտների ընտանիքների անդամների համար։ ՌԴ ժամանող աշխատանքային միգրանտներին իրավական աջակցություն տրամադրելու պարտականությունը կկրի գործատուն։
Այս հայեցակարգի արդյունքը պետք է լինի ապօրինի միգրանտների և հանցագործությունների թվի նվազումը:
Հիշեցնենք` 2025 թվականի հունվարին հրամանագիր ստորագրվեց, որը խստացնում է միգրանտների կացության պահանջները` ներառյալ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ են մտնում ՌԴ մուտքի նոր կանոնները օտարերկրացիների համար։ ՌԴ մուտք գործելուց առաջ օտարերկրացիները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն նույնականացման միասնական համակարգում։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ: