
Բարսեղյանի կարմիր քարտը իմ պատասխանատվությունն է․ Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Իռլանդիայի դեմ (0-1) խաղը։ Խաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին Դուբլինում և ավարտվեց Իռլանդիայի հաղթանակով։
Հայկական թիմը խաղում էր մեկ խաղացողով պակաս 52-րդ րոպեից, երբ Տիգրան Բարսեղյանը հեռացվեց խաղադաշտից իռլանդացի խաղացողին գլխով հարվածելու համար։
«Այո, կարմիր քարտը փչացրեց խաղը, բայց դա իմ խաղացողի սխալն էր, հետևաբար՝ իմ սխալը։ Ամեն ինչ, ինչ պատահում է իմ խաղացողների հետ, իմ պատասխանատվությունն է։ Մեր երկրպագուները սպասում էին, որ մենք գոլ կխփենք, բայց մենք դա չկարողացանք անել երկու խաղում տարբեր պատճառներով, որի համար ներողություն եմ խնդրում։ Ամեն դեպքում, ես հպարտ եմ իմ խաղացողներո,- ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նա հավելել է․ «Ես անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց խոսել եմ ամբողջ թիմի հետ։ Ես շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրվածության համար։ Ինչ վերաբերում է բացասական կողմերին, մենք ժամանակ կունենանք դրանք վերլուծելու և ուղղելու։ Այժմ ամենակարևորը միասնական մնալն է և տղամարդկանց պես ընդունել պարտությունը՝ առաջ շարժվելու համար։ Ես նաև շնորհավորում եմ մեր մրցակիցներին հաղթանակի կապակցությամբ։ Մենք լավ էինք պատրաստվել։ Գիտեինք, որ մրցակիցը խաղի ընթացքում կփոխի իր դասավորությունը, և մենք արագ հարմարվեցինք։ Մեզ հաջողվեց փակել վտանգավոր գոտիները և ստեղծել հնարավորություններ հարձակման գծում։ Վստահ եմ, որ եթե մենք խաղայինք հավասար թվով խաղացողներով, կարող էինք գոլ խփել։ Նույնիսկ տասը հոգով մենք ռիսկի դիմեցինք և առաջ անցանք՝ մոտ էինք հավասարեցնելուն։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք. այս թիմն ունի պայծառ ապագա»։