
Խաղող մթերողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք. Պապոյան

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց. «Նախագիծը մշակվել է խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, քանի որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել վարկեր ներգրավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցով, ուստի նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել լրացումներ, ըստ որոնց՝ խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը»:
Առաջարկվում է «հաստատել ծրագրի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը, ըստ որի՝ բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով: Շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը»:
Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանված է նաև, որ խաղողի վարկեր ներգրավելու համար խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի՝ մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը: