Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է

Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկությունների վերջում նվազել է 12,4%-ով, սա պատմական ռեկորդային անկում է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:


Նշվում է, որ աա տեղի է ունենում ԱՄՆ-ում տնտեսական աճի դանդաղման մտահոգությունների և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իսրայելին հարվածելու հավանականության ֆոնին:


Economic Times-ը գրում է, որ Իսրայելական արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել. հիմնական TA-35 ֆոնդային ինդեքսը նվազել է 2,7%-ով։


Ստամբուլի ֆոնդային բորսայում առևտուրը դադարեցվել է բացումից անմիջապես հետո՝ BIST-100 ֆոնդային ինդեքսի 6,72% անկման պատճառով:


Անկում է գրանցել նաև Թայվանի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքս TAIEX-ը և Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքս Hang Seng-ը։


Այս ֆոնին Bitcoin-ի արժեքն առևտրի ընթացքում փետրվարի 14-ից ի վեր առաջին անգամ իջել է մինչև 49 հազար դոլար, վկայում են Binance հարթակի տվյալները: Ավելի ուշ արժեքը բարձրացել է 50,237 հազար դոլարի (-17,32%):


Ըստ Reuters-ի Եվրոպական ֆոնդային բորսաները երկուշաբթի գրանցել են գրեթե վեցամսյա նվազագույն ցուցանիշը: Եվրոպական բոլոր խոշոր բորսաները բացվել են արդեն վնասով: Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 3,1%-ով՝ հասնելով 482,42 կետի՝ փետրվարի 13-ից ի վեր նվազագույն ցուցանիշը։


Լոնդոնի FTSE 100 ինդեքսը նվազել է ավելի քան 1,9%-ով՝ հասնելով ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին։


Ինչպես գրում է Bloomberg-ը՝ Ֆոնդային ինդեքսների համաշխարհային անկումը ուժեղանում է այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) չի կարողանում աջակցել դանդաղող տնտեսությանը։


Այս ֆոնին ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2023 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Կայքը նշում է, որ ԱՄՆ-ում ռեցեսիայի ռիսկերը կապված են գործազրկության մակարդակի հետ, որը գերազանցում է Fed-ի կանխատեսումները։