
Զինված ուժերը հինգերորդական կառույց հայտարարելով` զարգացնելու հնարավորություն չի լինելու. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հիշեցրել է, որ այս տարի որևէ պաշտոնական պատվիրակություն սեպտեմբերյան օրերին չի այցելել «Եռաբլուր», հարգանքի տուրք չի մատուցվել մեր հայրենիքի պաշտպանների հիշատակին։ Նա ընդգծել է, որ սա ոչ միայն բարոյականության խնդիր է, այլև նման մոտեցումը ծանր հետևանքներ է ունենում հասարակության և ԶՈՒ բարոյահոգեբանական վիճակի վրա։
«Որևէ մարտունակություն և զարգացում չի կարող ունենալ մի բանակ, որտեղ պետական մակարդակով անարգում են այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել այս երկրի պաշտպանության համար։ Ես ոչ միայն գիտակցում եմ այս իրավիճակի ծանր հետևանքները մեր Զինված ուժերի վրա, այլև գիտակում եմ, որ Զինված ուժերը որպես հինգերորդական կառույց հայտարարելով, ԶՈՒ դերը նվազեցնելով, ԶՈՒ տարբեր օղակներին անընդհատ հարվածներ հասցնելով՝ ԶՈՒ-ն զարգացնելու, մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու»,-ասել է Աբրահամյանը։