Ցավոք սրտի, շատ քիչ փող ենք ծախսում. Պապոյանը՝ զբոսաշրջիկների մասին

Հայաստանի կառավարության համար միջազգային բրենդների Հայաստան մուտքը առաջնահերթություն է, և քանի որ նաև զբոսաշրջությունը մեզ համար տնտեսության կարևոր ճյուղ է, և մենք ռազմավարական նպատակ ունենք առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանը անցնել, մասնավորապես 2030–2031 թվականներին արդեն ունենալ 3 միլիոն և ավել զբոսաշրջիկ, հետևաբար դրա համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, այդ թվում նաև զբոսաշրջային, տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ։ Այս մասին «Wizz air» ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի և հնարավորինս արագ հասնի Հայաստան։


Եկեք մի քանի տարի առաջ պատկերացնենք, թե, օրինակ, Հայաստանի քաղաքացին պայմանական Հռոմ հասնելու համար ի՞նչ պետք է աներ: Ամենայն հավանականությամբ պետք է գներ թանկարժեք տոմս, գնար, օրինակ, Մոսկվա, Մոսկվայում սպասեր մի քանի ժամ, հետո այնտեղից թռներ դեպի Հռոմ և դա տևելու է մի քանի անգամ ավելի երկար, մի քանի անգամ, հաճախ 10 և ավելի անգամ թանկ, քան հիմա է։


Եթե, օրինակ, Հայաստանի քաղաքացին դա մեծ դժվարությամբ կաներ, ապա դժվար է պատկերացնել, որ օրինակ, Իտալիայի քաղաքացին այդքան մեծ դժվարությամբ նա կանցներ Հայաստանը գալու համար։ Հետևաբար, սա շատ լավ հնարավորություն է մեզ, մի կողմից մեր քաղաքացիների մուտքը դեպի աշխարհ հեշտացնելու, մյուս կողմից աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների համար դեպի Հայաստան գալը շատ արագ, շատ հեշտ և շատ մատչելի դարձնելու համար»,- ասել է նա։



Պապոյանը նաև նշել է, որ ծախսած գումարը պետք է էական ավելացնենք, որպեսզի կարողանանք շատ զբոսաշրջիկներ ունենալ և այդ շատ զբոսաշրջիկները Հայաստանի Հանրապետությունում շատ գումար վճարեն:


«Ցավոք սրտի, մենք շատ փող չենք ծախսում, ցավոք սրտի, շատ քիչ փող ենք ծախսում, և այս ծախսած գումարը պետք է էական ավելացնենք, որպեսզի կարողանանք շատ զբոսաշրջիկներ ունենալ և այդ շատ զբոսաշրջիկները Հայաստանի Հանրապետությունում շատ գումար վճարեն»,- ասել է նա:


Անդրադառնալով նրան, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է որոշ ավիաընկերությունների, Պապոյանն ասել է.


«Այո, վճարում ենք, որպեսզի Հայաստան շատ զբոսաշրջիկ գա, որպեսզի Հայաստանի խանութներից, ռեստորաններից, հյուրանոցներից բազմաթիվ քաղաքացիներ օգտվեն, և դա է պատճառը, որ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է զբոսաշրջային բացարձակ ռեկորդ։ Դա նշանակում է, որ երբևէ Հայաստանում չի եղել որևէ մայիս, որևէ հունիս, որևէ հուլիս կամ որևէ օգոստոս, որ այսքան շատ զբոսաշրջիկ եկած լինի։ Մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը, և այո, Հայաստանում պետք է գան շատ զբոսաշրջիկներ, և Հայաստանի քաղաքացիներն էլ պետք է գնան աշխարհը տեսնեն շատ ավելի հեշտ, շատ ավելի մատչելի և շատ ավելի արագ, քան եղել է։ Սա մեր քաղաքականությունն է, մենք հասել ենք շատ մեծ արդյունքների, բայց առջևում ավելի մեծ ու ավելի ամբիցիոզ նպատակներ կան»։


Քաղաքականություն