
100 տարի անց կրկին Դաշնակցությունն անելիք չունի այլևս. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը հերթական անգամ չի դավաճանում սեփական ինքնությունը և էլի անկեղծ չէ: Հիշում եմ, երբ նախագիծ էիք բերել Ղարաբաղի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին, և այն ժամանակ էլ մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ բերել եք պաշտպանելու համար Ղարաբաղը: Հետո ի՞նչ եղավ: Ձեր ներկայացուցիչները գնացին, լուծարեցին Ղարաբաղը: Հիմա նախագիծ եք բերել ցեղասպանության ժխտումն իբրև թե քրեականացնելու, պաշտպանելու մադկանցից, որ փորձում են ժխտել: Պարզ է, չէ՞, թե ձեր նպատակը որն է: Այդ մասին Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ՀՀ կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն առնչվող նախագծին:
Այս համատեքստում Կոնջորյանը հիշեցրել է ՀՀ վարչապետի ելույթներից մեկը, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ պետք է ունենալ ինքնահայեցում, պետք է նայել անցյալին, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ, որի նպատակը պետք է լինի այն, որ չկրկնվեն սխալները, որոնք «բերել են աղետալի հանգրվանի»:
«Սա կոչվում է ինքնահայեցում: Ինձ թվում է, որ ընդդիմության ինքնահայեցման ֆունկցիան ինչ-որ մեկը hack է արել և կոտրել է, և ձեր ընդդիմության մեջ ինքնահայեցում չկա: Ու երբ մենք ասում ենք՝ եկեք ինքնահայեցում անենք, ասում եք՝ մի՛ րոպե, մեր ինքնությունը մեզանից ուզում են գողանալ»,- ասաց նա:
Կոնջորյանը հիշեցրեց՝ 1920-ականներին Հովհաննես Քաջազնունին ևս ինքնահայեցման կոչ էր անում «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքում, ապա գրքից մի քանի մեջբերումներ արել․
«Քաջազնունին ասում է. «Կարծես հոգեկան առանձին մխիթարանք էին գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն էին վարվել մեր հանդեպ: Կարծես մի մեծ առաքինություն էր, մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել տալ մեզ»:
Ի՞նչ է ասում Քաջազնունին, ասում է՝ եկեք հասկանանք՝ ոնց է այդ աղետը մեզ հետ տեղի ունեցել, որ հետո հանկարծ այդ նույն աղետը մեզ հետ տեղի չունենա, և պատահականորեն ինքն այդ ինքնահայեցումն անում է մի գրքում, որը կոչվում է «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»:
Եվ ես, ավարտելով իմ ելույթը, ուզում եմ ասել՝ այո՛, 100 տարի անց կրկին Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,- ասել է Կոնջորյանը: