
Լուկաշենկոն Լեհաստանի սահմանի փակումը խաբեություն է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանի կողմից Մինսկի հետ սահմանի վերջերս փակումը խաբեություն է անվանել և համագործակցության կոչ է արել։
«Ինչի՞ է սա հանգեցրել։ Սա ավելի մեծ խաբեություն է», - այսօր Բելտա լրատվական գործակալության մեջբերմամբ ասել է Լուկաշենկոն։ Այնուամենայնիվ, Բելառուսի նախագահը հույս ունի և հավատում է, որ լեհ ժողովուրդը, ի վերջո, կկարողանա ազդել իր երկրի իրավիճակի և քաղաքականության վրա։
Նա ընդգծել է, որ բելառուսական կողմը հավատարիմ է բարիդրացիական համագործակցությանը։ «Բայց մենք չենք կարող այսպես վարվել։ Մենք պետք է հանդարտվենք, համագործակցենք, ընկերներ լինենք և օգնենք։ Հատկապես նրանց, ովքեր ապրում են սահմանի երկու կողմերում։ Մենք պետք է օգնենք նրանց զբաղվել արտադրությամբ, բիզնեսով և գյուղատնտեսությամբ։ Մարդիկ պետք է ընկերներ լինեն։ Սա մեր նպատակն է», - ասաց Լուկաշենկոն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ի գիշերը Լեհաստանը փակեց Բելառուսի հետ սահմանը։ Վարչապետ Դոնալդ Տուսկը որոշումը հիմնավորեց «անվտանգության շահերով»՝ հղում անելով ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժությունների ակտիվ փուլի մեկնարկին։ Զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ից 16-ը։