
Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է․ MediaHub

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է: MediaHub-ի տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանից:
Լրատվականի փոխանցմամբ՝ «Նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով»:
ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է. «Որևէ նոր բան չենք կարող հայտնել»:
Ճշտող հարցին՝ Ախտոյանի սպանված հորաքրոջ որդու եղբորը բերման չե՞ն ենթարկել գործի շրջանակներում, Սարգսյանը միայն նշել է. «Տարբեր անձինք են բերվել, այլ մանրամասներ չկան»:
Նշենք, պաշտոնական հաստատում դեռ չկա։
Հիշեցնենք, որ նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Վերջինս հիմա տնային կալանքի տակ է: