
ՆԳՆ փոխնախարարը՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործի, կասկածյալի հայտնաբերման աշխատանքների մասին

Ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, բայց այս պահին նորություն չկա։ Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը։
«Զերծ կմնամ այս պահին հնչեցնել վարկածի կամ ինչ-որ այլ նշում անել։ Նշեմ միայն, որ աշխատանքները կատարվում են, եթե լինեն նորություններ, անպայման ՆԳՆ-ն կհայտնի», - ասել է նա։
Հարցին՝ արդյոք չկա որևէ կասկածյալ, փոխնախարարն արձագանքել է. «Այս պահին չեմ տիրապետում նման տեղեկատվության։ Տիրապետում եմ հետևյալին, որ աշխատանքները տարվում են, նորություն չունեմ հայտնելու։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Նշենք՝ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ: