
Արդարադատության նախարարը՝ Փարաքարի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի մասնակցել կառավարությունում Արմավիրի ողբերգական դեպքի առնչությամբ տեղի ունեցած քննարկմանը։
«Ես չեմ մասնակցել նման քննարկման, բայց Ներքին գործերի նախարարությունը սկսել է ակտիվ աշխատանքը, որ, ի վերջո, հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Գալյանը կոչ է արել արդյունքներ տեսնելու համար սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։
Հարցին՝ եթե իրավապահ համակարգն իր տեղում լիներ՝ հնարավոր կլինե՞ր կանխել ողբերգությունը՝ նախարարն ասել է, թե այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը։
«Գուցեև հնարավոր էր, գուցեև հնարավոր չէր։ Ցավոք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել ու դա ամբողջ աշխարհում է, ոչ միայն Հայաստանում»,- հավելել է Գալյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։