Որ քարտեզով է սահմանազատում լինելու. ԱԳՆ-ն մանրամասնում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.


«Ադրբեջանի նախագահը մի կողմից նախաստորագրում է Խաղաղության հռչակագիր, մյուս կողմից չի հրաժարվում իր ամբողջատիրական նկրտումներից՝ շարունակելով առաջ տանել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեզը, որը ներառում է ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը:


Քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին վերջին հայտարարություններում հիշատակվող աղբյուրներում, մասնավորապես՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ընդունված հռչակագրում, որում հղում է արվում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, բացակայում է որևէ հղում կոնկրետ քարտեզների, «Ժողովուրդ» օրաթերթը հստակ տեղեկանալու համար մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։


Մասնավորապես հետաքրքրվել ենք.


1. Կոնկրետ ո՞ր քարտեզ(ներ)ի հիման վրա են Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե հիշատակվող Պրահայի և Ալմա-Աթայի հռչակագրերում բացակայում է որևէ հստակ հղում կոնկրետ քարտեզներին։


2. Արդյո՞ք գոյություն ունի որևէ համաձայնեցված կամ իրավական ուժ ունեցող քարտեզ, որը կողմերի միջև ամրագրված է որպես տարածքային ամբողջականության ճանաչման հիմք։


3. Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչում են թեզեր «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը, ըստ նրա, գտնվում է ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքում:


ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանի անունից ստացել ենք հետևյալ պատասխանները. «Կարող ենք ընդգծել, որ 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի համաձայն, սահմանազատման գործընթացում կողմերը կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա, եթե հետագայում ՀՀ-ի և ԱՀ-ի միջև Խաղաղության համաձայնագրով այլ կարգավորումներ նախատեսված չեն: Ինչպես երևում է օգոստոսի 8-ին նախաստորագրված և օգոստոսի 10-ին հրապարակված համաձանագրի տեսքից, դրանով այլ բան նախատեսված չէ: Ամբողջական համաձայնագիրը՝ այստեղ։


Ավելին՝ համաձայնագրում հաստատելով, որ նախկինում ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել միջազգայն հանրության կողմից՝ կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»:


ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են. «Կանոնագրում ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելու հիմնարար սկզբունքը կանխորոշում է վերաբերելի փաստաթղթերի շրջանակը, քանի որ այդ փաստաթղթերը պետք է լինեն Խորհրդայի միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր և քարտեզներ, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը: Ինչ վերաբերում է ձեր կողմից հիշատակված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին, այդ մասով ՀՀ դիրքորոշումը արտահայտվել է մի շարք հանրային անդրադարձներում»։

Քաղաքականություն